«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում շարունակվում են ավանդական դարձած գիտական լսումները։ Այս անգամ բանախոսները երկուսն էին, Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուսլան Պալոյանը «Սուր զարկերակային թրոմբոզ, բուժման նոր մոտեցումներ, կաթետերային թրոմբոլիզիա» զեկույցի շրջանակում խոսել է սուր զարկերակային թրոմբոզների բուժման արդի մեթոդների մասին՝ կաթետերային թրոմբոլիզիս, ասպիրացիոն թրոմբէկտոմիա:
Նա ներկայացրել թրոմբոլիզիսի հակացուցումները, սուր զարկերակային իշեմիայի աստիճանը, թե որ դեպքում է ցուցված կաթետերային թրոմբոլիզիս, որ դեպքում է պետք ընտրել սպասողական տակտիկա՝ դեղորայքային բուժում իրականացնելով։ Բժիշկը ներկայացրել է նաև, թե կաթետերային թրոմբոլիզիսից հետո ինչպես են վերացնում թրոմբի պատճառ հանդիսացող ներանոթային խնդիրները՝ կիրառելով բալոնդիլատացիոն մեթոդը, եթե իհարկե գոյություն չունեն համակարգային խնդիրներ։
Ի դեպ, Ռուսլան Պալոյանը մոտ 1,5 ամիս գտնվել է Մոսկվայի 36-րդ հիվանդանոցում՝ փորձի փոխանակման, վերապատրաստման, պերիֆերիկ զարկերակների ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով։ Զեկույցում նա ներկայացրել է վերապատրաստման արդյունքում ձեռք բերած գիտելիքները, փորձը, ինչպես նաև դրանից հետո իրականացրած վիրահատություններից մի քանիսը, երբ իրականացվել է կաթետերային թրոմբոլիզիս եւ բալոնդիլատացիա՝ էնդովասկուլյար մեթոդների կիրառմամբ վերականգնելով արյան շրջանառությունը եւ վերացնելով ոչ միայն սուր իշեմիան, այլեւ տարիներով գոյություն ունեցող անոթների քրոնիկական իշեմիան։ Գործընկերները հարցեր են ուղղել թրոմբոլիզիսի դեղորայքի դոզավորման, հիվանդների վարման ընթացքի մասին։
Երկրորդ զեկուցողը Դիագնոստիկ-ախտորոշիչ ծառայության ղեկավար Արմինե Պողոսյանն էր, ով խոսել է լյարդի ուլտրաձայնային հետազոտության հնարավորությունների մասին` անդրադառնալով լյարդային հիվանդությունների ժամանակ ուլտրաձայնի դերին, լյարդային փաթեթի կիրառմանը, կլինիկական դեպքի հիմքով ներկայացրել ուլտրաձայնի հնարավորությունները։ Արմինե Պողոսյանը անդրադարձել է ռադիոլոգիական մեթոդի ուժեղ և թույլ կողմերին՝ շեշտելով, որ այդ մեթոդները միմիայն լրացնում են, չեն փոխարինում։
.png)